ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սովորել՝ զգուշանալով

Սովորել՝ զգուշանալով
06.09.2016 | 08:39

Անկեղծ գտնվեմ և նշեմ, որ վերնագրում դրված միտքը տողերիս հեղինակի հանդեպ որևէ պատասխանատվություն չի պարտադրում: Այն ընդամենը ՀՀ շարքային քաղաքացուս պարզ դիտարկումների շարադրում է, ով վերջին 5-6 տարիների մոտ կեսը, որոշակի ընդհատումներով, անցկացրել է Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիա պետությունում, առիթից առիթ լինելով Չեխիայում ու Գերմանիայում, Շվեյցարիայում ու Ֆրանսիայում, Սլովենիայում ու Խորվաթիայում:


ՈՒսանելի շատ բան կա թե ավանդաբար ազատ շուկայական հարաբերությունների դավանանքով ապրող մայր ցամաքի երկրներում, թե 1950-80-ականներին համայնավարության ինչ-ինչ պայմաններում հայտնված, երբեմնի սոցիալիստական միջավայրում գտնվածների մոտ: Այդ առաջնահերթն արտահայտվում է տնտեսության հանդեպ որոշակի պատասխանատվության զգացումի արմատավորմամբ, երբ հարկավոր է պարզ բարեխղճություն ցուցաբերել այն աշխատանքում, որում գտնվում ես: Ասվածն անշուշտ չի նշանակում, թե մայր ցամաքի Եվրոպա կոչվող հատվածում կամ նույնիսկ դրա առավել համախումբ շենգենյան որակվող մասում ամեն ինչ գերազանց է և ամենատարբեր միգրանտների օրինակով հարկավոր է ամեն գնով հատկապես երկրամասի արևմտյան պետություններում հայտնվել: 5 օր անցկացնելով Խորվաթիայի բազմամարդ ծովափերից մեկում, նույնքան ժամ շրջագայելով Սլովենիայի Լյուբլյանա մայրաքաղաքի մարդաշատ կենտրոնական հատվածում, աֆրիկյան արտաքինով գեթ մեկի չտեսա, ինչը, առավել տարօրինակ լինելով, նաև ապշեցուցիչ էր: Ընդգծված սլավոններ էին թե տարածքների սանիտարիայի պատասխանատուները, թե մատուցողները, թե առևտրականներն ու տաքսիստները, չխոսելով, իհարկե, ոստիկանների մասին: Անշուշտ, առիթ չունեցա շփվելու վերջիններիս հետ, ոչ էլ քաղաք-սրճարան հիշեցնող Լյուբլյանայի կենտրոնում իրենց հանգիստն անցկացնող հազարավոր մարդիկ նպաստեցին դրան: Բայց, այսուհանդերձ, առիթ եղել էր, այն էլ հայաստանցուս բնորոշմամբ, արտառոց:


Սլովենիայի ավտոբան կոչվող ճանապարհներն արտակարգ որակով են կառուցված, դրանք որոշ տեղերում անգամ միակողմանի եռաշար են: Միակողմանի են նաև կիլոմետրերով ձգվող գերլուսավորված թունելները: Ավտոբաններում առավելագույն արագությունը 130 կիլոմետր/ժամ է, թունելներում՝ 100 կմ/ժամ: Առանձին հատվածներում երբեմն աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ արագության սահմանափակումներ կան՝ 80-60 կմ/ժամ, անգամ ավելի պակաս: Նման մի հատվածում ՀՀ քաղաքացի մեր վարորդը առաջնորդվելով 60 կմ/ժամ ցուցանակի պահանջով, ավտոմեքենան սկսեց վարել այդ արագությամբ: Եվ տարօրինակ վիճակ արձանագրվեց, որն արդեն արտառոց եմ որակել: Առաջին գիծն զբաղեցրած մեր մարդատարի կողքով սլանում էին մեծ ու փոքր հարյուրավոր ավտոմեքենաներ, որոնց արագությունը գերազանցում էր նախատեսված 60 կմ/ժամը անգամ կրկնակիից ավելի: Համարանիշերից նկատելի էր, որ նրանք Գերմանիայի ու Հոլանդիայի, Շվեյցարիայի ու Բելգիայի, Դանիայի ու Լյուքսեմբուրգի, կարճ ասած՝ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների ավտովարորդներ էին, որոնց բոլորովին չէր հետաքրքրում կամ մտահոգում սահմանված արագությամբ երթևեկը: Թե ինչ էր սա, որևէ մեկս որևէ բացատրություն չուներ, քանզի անգամ հայաստանյան պայմաններում սահմանված արագությունը գերազանցել իրենց թույլ են տալիս առանձին վարորդներ, որոնց էլ կարելի է տեսնել մայրուղու որևէ հատվածում երթևեկությունը կարգավորող տեսուչների հետ բացատրվելիս: Կարևոր չէ՝ ինչ արդյունք է գրանցվում, կարգազանցը պարզապես ուշադրության է արժանանում: Թե ինչով է բացատրվում կենտրոնական և արևմտաեվրոպական երկրներում սահմանված երթևեկության նորմը, տվյալ պարագայում արագությունը էապես գերազանցելու մասսայական երևույթը, դժվար է հասկանալ: Գերմանիայում, օրինակ, 130 կմ/ժամ արագությամբ ընթացող մեր մարդատարի կողքով անցնող ավտոմեքենաները նվազագույնը սլանում էին 180-200 կմ ժամ արագությամբ, դրանք հազարներով էին:


Վստահ եմ, չեմ սխալվի, եթե այս ամենը տարօրինակ միջավայր որակեմ, քանզի հնարավոր չէ միլիոնավոր ավտովարորդների գոնե կեսին պատասխանատվության ենթարկել, որովհետև դարձյալ միլիոնավոր փաստեր են մնում: Նկատեմ, որ սահմանված հարյուրավոր եվրոներով տուգանքների պարագայում կարգազանցների քանակը մասամբ գոնե կնվազեր: Այս երևույթի համառոտ նկարագիրն անգամ իրավունք է տալիս եզրակացություն անելու, որ ավտոմեքենաների ղեկի դիմաց հայտնված հարյուր միլիոնավոր արևմտաեվրոպացիների մի զգալի մասը, որոնց թվում երիտասարդներ ու տարեցներ, աղջիկներ ու տատիկներ, առողջ ու առողջական խնդիրներ ունեցողներ, սիրահոժար կարգազանցներ օրինախախտներ են դառնում ինքնակամ, դրանից թերևս հաճույք են ստանում: Ընդամենը հյուրի կարգավիճակն է պարտադրում այլ եզրակացություններ չանել:


Արտառոց, անշուշտ, հայաստանյան միջավայրի առումով, որակում եմ տալու նաև այն իրողությանը, որի ականատեսը դարձա խորվաթական լողափերից մեկում: Տեղադրված ցուցանակները զգուշացնում էին, որ արգելվում է մերկ վիճակում գտնվելը, բնական է՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Անսպասելիորեն լողափի մի հատվածի համեմատական անդորրն անակնկալ խախտեց ռուս երեխայի բղավոցը: Պարզվեց, որ դրա պատճառը հարևանությամբ հայտնված կիսամերկ կնոջ տեսքն էր, վերևի բաց հատվածը: Հազիվ 5-ամյա երեխան ծնողներին խնդրում էր համոզել հարևանուհուն ծածկել այն կամ իրեն տեղափոխել մի այլ վայր: Բայց ի՜նչ իմանար փոքրիկը, որ մի քանի մետր անդին իրեն առավել սարսափեցնող պատկերի էր հանդիպելու: Ամբողջովին մերկ էր, ոչ ավելի, ոչ պակաս, տարեց զույգը, որոնց հոգեկան վիճակը որևէ տրամադրություն չէր հարուցում: Սպիտակահեր զույգը հանգիստ կանգնած զրուցում էր, բոլորովին ուշադրություն չդարձնելով այդ վիճակով հայտնվելու արգելանք սահմանող ցուցանակի վրա: Երեխայի ծնողները, որոնք նույնպես հյուրեր էին, ի վերջո գերադասեցին լողափի մի այլ հատված տեղափոխվել: Եթե մի պահ համակերպվենք, որ ռուսախոս հյուրերի անգամ փոքր-ինչ վրդովմունքը կարող էր հակադարձ տրամադրություն առաջացնել, բացարձակապես անհասկանալի էր հարյուրավոր եվրոպացիների բացահայտ անտարբերությունը հանգստի գոտում պահվածքի կարգը խախտելու հանդեպ: Չգիտեմ ինչ բացատրություն կարող էին տալ մորուց մերկ սպիտակահերերը, բայց որ նրանք չէին պահպանում տեղական իշխանության սահմանած կարգը, այն բացահայտ անտեսում էին, որը հայերս արհամարհանք ենք որակում, փաստ էր: Չգտնվեց գեթ մեկը, ով քաղաքակիրթ ձևով կամ ոճով, որը մեզանում ընդունված է եվրոպական դասակարգել, մոտենար կարգազանցներին, գոնե ակնարկներով հասկացներ ոչ այնքան արածի անպարկեշտությունը, որքան սահմանված կարգի անտեսումը, որը, վստահ եմ, շատերի համար ուղղակի տհաճ էր, անգամ զզվելի և, բնականաբար, մերժելի: Կարող էին նաև զանցառուների մասին լողափի մուտքի հսկիչին ահազանգել նրա կողքով սրճարան այցելողները, սակայն նման բան նույնպես չարձանագրվեց: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հանգստացողներից ոմանք դեմ չեն հետևելու կարգազանցների օրինակին, սակայն, բարեբախտաբար, հաջորդ օրերին նման վիճակ չարձանագրվեց:


Եվ հարցը՝ ո՞ւր կամ որտե՞ղ են սահմանված կարգի և օրինականության խախտման դեմ վրդովվող ու ըմբոստացող, հաճախ ասիացիներիս համակրանքին արժանացող եվրոպացիները, հնչում է ինքնաբերաբար: Կրկնեմ, որ հյուրի կարգավիճակում գտնվող ցանկացած մեկն իրավասու չէ գնահատականներ տալու այսօրինակ դրսևորումներին, բայց և հյուրի կարգավիճակն ակնկալում է մաս-մաքուր տեսնել Փարիզի յուրաքանչյուր անկյունը, իսպառ բացառել Եվրոպայում սևով աշխատելու հնարավորությունը, հանրահայտ ավտոձեռնարկության պես գնորդներին չշփոթեցնել ավտոմեքենաների նվազ արտանետումների ցուցանիշներ հրապարակելով: Առնվազն տարօրինակ է պետք նկատել մեծբրիտանացի ընտրողների Եվրամիության կազմում մնալ-չմնալու հանրաքվեից հետո շատերի «ինչ է այդ Եվրամիությունը» հարցադրումը: Կարծես խնդիրը չէին մարսել, սակայն ակտիվորեն քվեարկեցին:


Անշուշտ, հայաստանցիներս ցանկանում ենք Եվրոպան հիմնականում ցանկալի գրավչությամբ տեսնել, քանզի դա մեզ պետք է մեր երկիրն ու կյանքը լավագույնս կանոնակարգելու նպատակով: Ասենք, երբ որևէ առիթ է լինում խոսելու տնտեսության առաջնահերթությունից, տողերիս հեղինակն առանձնացնում է յուրաքանչյուր երկրի համար հիմնարար պարենային ապահովությունն ու պարենանվտանգությունը: Եվրոպացիներն անառարկելիորեն լուծել են այն, թեև գյուղատնտեսական նշանակության տարածքները սահմանափակ են: Նրանք այս բացը լրացնում են առավելագույն արդյունք երաշխավորող մշակաբույսեր աճեցնելով, որտեղ առաջին տեղում եգիպտացորենի հատիկի արտադրությունն է: Այն 2000-2013 թվականներին 63 մլն տոննայից հասցվել է 118 մլն տոննայի: Այս մշակաբույսի տարածքներն ամենուր են, անգամ շատ քաղաքների վարչական տարածքներում: Զավեշտ չհամարեք, սակայն մոտ ապագայում այս մշակաբույսը թերևս հայտնվի անգամ մայթերն ու փողոցները միմյանցից բաժանող գազոններում: Այս բույսի հատիկը որպես անասնակերի հիմնական բաղադրամաս օգտագործելու արդյունքում է, որ ինչպես մեզ ներկայացրին մսամթերքների ավստրիական «Վուլկանո» ընկերությունում, հաջողվում է 1 տարեկան խոզի քաշը հասցնել մինչև 180 կգ-ի: Գիտեմ, որ այս հարցում մեր բնապահպաններն իրենց ասելիքն ունեն, որը հարկ է խնդիրը միանշանակ մերժելու փոխարեն քննարկման և ապացույցների միջավայր տեղափոխել:

Այլապես մեր մարդկանց զրկելով կենդանական ծագմամբ սննդի անհրաժեշտ քանակների սպառումից, նրանց կյանքն ու կենցաղը երբևէ նպաստավոր չենք դարձնի: Արդյունքում կշարունակենք ապրել այն միջավայրում, որը երկրի թիվ 1 պաշտոնյան տարիներ առաջ գաղջ որակեց: Այդ միջավայրն է զանցանքներ ու հանցանքներ կազմավորում, ամենաթողություն հաստատում, հուսալքում տարածում, ի վերջո հիմնախնդիրներ ստեղծում, մեր տեսակին ու կերպին անհարիր գործողությունների մղում: Եվրոպան թերևս հեռու է այս ամենից, որից հարկ է սովորել՝ անշուշտ զգուշանալով:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Ավստրիա, Գրաց

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ